2025 թվականի Ամանորին հազարավոր նամակների մեջ կար մի փոքրիկ աղջկա նամակ, որը տարբերվում էր բոլորից։
Նա չէր խնդրում հագուստ, քաղցրավենիք կամ խաղալիք։ Նա խնդրում էր ընդամենը մեկ բան՝ հնարավորություն սովորելու և զարգացնելու իր անգլերենը։
Այդ աղջիկը նույնիսկ չէր պատկերացնում, որ իր նամակը փոխելու է մեր հիմնադրամի ուղղվածությունը, առաքելությունն ու տեսլականը։ Նրա երազանքը դարձավ այն շրջադարձային կետը, որով մենք հասկացանք՝ շատ երեխաների իրական կարիքը ոչ թե միայն ինչ-որ բան ունենալն է, այլ հնարավորություն ստանալը՝ զարգանալու և առաջ գնալու։
Մենք տեսանք, որ համայնքներում կան բազմաթիվ երեխաներ, ովքեր ունեն երազանքներ, նպատակներ և ներուժ, բայց չունեն պայմաններ դրանք իրագործելու համար։ Նրանք կարիք ունեն ոչ միայն աջակցություն ստանալու, այլ նաև լսված լինելու և իրենց ընտրած ճանապարհով առաջ գնալու։
Այդ պահից մենք որոշեցինք դառնալ այն կամուրջը, որը կապում է երեխայի երազանքը իրական հնարավորության հետ։

Այսօր մեր նպատակն է, որ՝
- նկարչությամբ հետաքրքրվող երեխան կարողանա հաճախել նկարչության,
- սպորտով հետաքրքրվողը՝ օրինակ բոքսի,
- իսկ համալսարան ընդունվել ցանկացող տղան կամ աղջիկը հնարավորություն ունենա պատրաստվելու՝ պարապելով իր նախընտրած առարկաները և հասնելով իր նպատակին։
Ցավոք, շատ երեխաներ սոցիալական պայմանների պատճառով հետ են մնում իրենց հասակակիցներից։ Եվ ոչ այն պատճառով, որ նրանք չունեն տաղանդ կամ կարողություն, այլ պարզապես չունեն համապատասխան ֆինանսական հնարավորություն։
Եվ այստեղ տարբերություն չունի՝
դասընթացը արժե 2500 դրամ, ինչպես օրինակ Գավառի մշակույթի տան նկարչության խմբակում,
թե 30,000 դրամ, ինչպես Արմավիրում անգլերենի պարապմունքները։
Երեխայի համար այդ հնարավորությունը հաճախ նույնքան անհասանելի է։
Այս սահմանափակումների պատճառով շատերը ստիպված են լինում ընտրել ոչ թե իրենց սիրած, այլ հասանելի ճանապարհը։ Նրանք զբաղվում են այնպիսի գործով, որը չեն սիրում և որը չի բացահայտում իրենց իրական ներուժը։ Արդյունքում մենք կորցնում ենք ապագա նկարիչների, մարզիկների, իրավաբանների, երաժիշտների և բազմաթիվ այլ մասնագետների, որոնք պարզապես չեն ստացել իրենց հնարավորություն։
Առաքելությունը, որը մենք ստանձնել ենք, միտված է փոխել այս իրականությունը։
Մենք ցանկանում ենք յուրաքանչյուր երեխայի հնարավորություն տալ զարգանալու իր կարողություններին և հետաքրքրություններին համապատասխան միջավայրում՝ հաճախելով այն խմբակները և ծրագրերը, որոնք կարող են դառնալ նրա ապագայի հիմքը։
Որովհետև հենց այդ հնարավորությունն է դնում ամուր հիմք՝ երեխայի վստահության, մասնագիտական ուղու և արժանապատիվ ապագայի համար։